Ամանորը Ֆրանսիայում

Ֆրանսիայի մի քանի մարզերում Ծննդյան տոներն սկսվում են դեկտեմբերի 6-ին՝ Սուրբ Նիկողայոսի օրը։ Հենց այդ օրն է ֆրանսիացի Ձմեռ Պապ Պեր Նոելը նվերներ և կոնֆետներ բաժանում լավ ու ջանասեր երեխաներին։ Փայտե մաշիկներով ու մեջքին նվերների կողովով՝ նա ժամանում է էշի վրա և թողնելով էշը դրսում՝ ծխնելույզով մտնում է տուն։ Նվերները նա դնում է կոշիկի մեջ, որը նախօրոք երեխաները թողնում են բուխարու առաջ։ Պեր Նոելի ընկերակից Պեր Ֆուետարը՝ճիպոտով պապիկը, հիշեցնում է Պեր Նոելին այն մասին, թե ինչպես է տարվա ընթացքում պահել իրեն երեխան, և ինչի է նա ավելի արժանի, նվերների, թե՝շրմփոցի։ Մի քանի մարզերում Պեր Նոելը փոքրիկ նվերներ է բերում դեկտեմբերի 6-ին և նորից վերադառնում է Ծննդյան տոներին մեծերով։ Նվերներ կարող է բերել նաև Պյոտի Նոելը՝ երեխա Հիսուսը։

Ըստ ավանդության Ամանորը Ֆրանսիայում նշում են ընկերների շրջապատում, իսկ Ծննդյան տոները՝ ընտանիքի հետ։ Դեկտեմբերի 31-ին Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում նշում են Սուրբ Սեղբեստրոս 1-ինի օրը։ Ֆրանսիան բացառություն չէ։ Այդ տոնին ֆրանսիացիները շատ աղմկոտ զբոսնում են, շատ ուտում, զվարճանում են և սպասում Նոր Տարվան։ Ֆրանսիացիները փողոց են դուրս գալիս դիմակահանդեսային զգեստներով, նրանց անվանում են Սիլվեստեր-կլաուսներ։

Նոր տարին Ֆրանսիայում դիմավորում են սրճարաններում, ռեստորաններում՝ ընկերների մեծ խմբերով։ Ֆրանսիացիները կատակում են, պարում կոնաձև թասակներով և իրար վրա լցնում կոնֆետի մանր թղթեր (ռուս.՝ конфетти)։ Ամանորյա վիճակախաղը համարվում է սիրելի զվարճանքը, որի ժամանակ կարելի է շահել հավ կամ հնդկահավ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *